HARUT PETROSYAN

Գլխավոր էջ | Գրանցում | Մուտք
Շաբաթ, 18.05.2024, 20:18
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու
Մեր հարցումը
Գնահատեք իմ կայքը
Պատասխանների ընդհանուր քանակը: 1180
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0
Հայաստանի համառոտ պատմությունը
ՀՆԱԳՈՒՅՆ ՇՐՋԱՆ
Հայ ժողովուրդն իր բազմադարյան պատմությունն ու մշակույթը ստեղծել է Հայկական լեռնաշխարհում, որը տարածվում է Փոքր Ասիայի և Իրանական սարահարթերի միջև՝ հարավում սահման ունենալով Միջագետքը հյուսիսում ընդգրկելով Փոքր Կովկասի լեռնաշղթան: Հայերը հնդեվրոպական ծագում ունեցող ժողովուրդ են, Քրիստոսի ծննդից հազարամյակներ առաջ եղել են մայր ժողովրդի բաղկացուցիչ մասը, որը բնակվում էր հնդեվրոպական նախահայրենիքում՝ Առաջավոր Ասիայի հյուսիսում (ավելի որոշակի՝ Փոքր Ասիայի արևելյան շրջաններում` Հայկական լեռնաշխարհում` Միջագետքի հյուսիսում և Իրանական սարահարթի հյուսիսարևմտյան մասում):
Ք.ա. 3-2-րդ հազարամյակների ընթացքում սկսվել է հայ ժողովրդի կազմավորումը որն ավարտվել է Ք.ա. 1-ին հազարամյակի կեսերին՝ միասնական պետության ստեղծմամբ: Հայերի և Հայկական լեռնաշխարհի մասին պատմական առաջին վկայությունները հայտնի են դեռևս Ք.ա. 28-րդ դարից:
Շումերական արձանագրություններում հիշատակվում է Արատտա վաղ պետական կազմավորումը, որը նույնանում է աստվածաշնչյան Արարատ-Հայաստանի հետ: Ժողովրդի ինքնանվանումը ևս՝ ՀԱՅ, հինարևելյան գրավոր աղբյուրներում վկայվում է Ք.ա. 26-րդ դարից, իսկ Ք.ա. 24-23-րդ դարերից հիշատակվում են նաև օտարների կողմից հայերին ու Հայաստանին տրված ԱՐՄԵՆ և ԱՐՄԵՆԻԱ անվանումների նախաձևերը: Ք.ա. 2-րդ հազարամյակում Հարավային Հայաստանում և Միջագետքի հյուսիսում հզորանում է Միտաննի պետությունը, որը Առաջավոր Ասիայում գերիշխանության հասնելու համար պայքարում էր Եգիպտոսի դեմ:
Խեթական աղբյուրները Ք.ա. 15-13-րդ դարերում Հայաստանի հյուսիսային և արևմտյան շրջաններում հիշատակում են Հայասա թագավորությունը (խեթերենում -(a)sa վերջավորությամբ կազմվում էին տեղանունները, այսինքն՝ Հայասա նշանակում է Հայերի երկիր, Հայք):
ՈՒՐԱՐՏԱԿԱՆ ՇՐՋԱՆ
 Ք.ա. 12-9-րդ դարերում Արարատյան դաշտում հաստատված և Արմավիրը մայրաքաղաք հռչակած Հայկազունների արքայատոհմի իշխանության շրջանում Արարատ (ասուրաբաբելական տարբերակը՝ Ուրարտու) անունը տարածվում է ողջ լեռնաշխարհի վրա և միջագետքյան հուշարձաններում ու Աստվածաշնչում դառնում Հայաստան անվան համարժեքը:
Ք.ա. 9-րդ դարի կեսերին Հայկական լեռնաշխարհում հզորանում է Վանի (Բիայնիլի, Ուրարտու Արարատ) թագավորությունը՝ Տուշպա (Վան) մայրաքաղաքով:
Ք.ա. 8-րդ դարի առաջին կեսին (հատկապես Արգիշտի I-ի օրոք՝ 786-764թթ.) Վանի թագավորությունը դառնում է Առաջավոր Ասիայի հզորագույն պետությունը:
Վանի (Բիայնիլի, Ուրարտու, Արարատ) թագավորությունն ունեցել է սեփական դպրությունը (կիրառվել է 3 գրահամակարգ՝ ասուրաբաբելական սեպագիր, տեղական սեպագիր, տեղական պատկերագրություն), գրականությունը, զարգացած թվաբանությունը, ճարտարապետությունը:
Մեծ համբավ էին վայելում Տուշպայի (Վանի), Էրեբունու, Թեյշեբաինիի և մյուս քաղաքների ամրոցները, Մուսասիրի և այլ տաճարները: Այդ ժամանակաշրջանի քանդակագործական արվեստի բազմաթիվ նմուշներ այժմ ցուցադրվում են թե Հայաստանում, թե աշխարհի բազմաթիվ թանգարաններում (Սանկտ-Պետերբուրգի Էրմիտաժ, Լոնդոնի Բրիտանական, Բեռլինի Առաջավորասիական, Փարիզի Լուվր և այլն):
ՀԵՏՈՒՐԱՐՏԱԿԱՆ ՇՐՋԱՆ
Ք.ա. 7-րդ դարի վերջին և 6-րդ դարի սկզբին Հայկազունների արքայատոհմը կրկին վերականգնում է իշխանությունը, և մինչև Ք.ա. 201թ. Հայաստանում իշխում է Հայկազունների Երվանդական տոհմը:
Ք.ա. VI դարում Հայաստան երկիրը Աքեմենյան Դարեհ I թագավորի Բեհիսթունյան արձանագրության մեջ հին պարսկերեն և էլամերեն հատվածներում հիշատակված է Արմենիա անունով, իսկ բաբելոներենում՝ Ուրարտու, ինչն աներկբա վկայություն է այդ անվանումների հոմանիշ և զուգահեռ գործածության մասին:
Ք.ա. 2-րդից 1-ին դարերում Հայաստանում իշխում է Արտաշես արքայի (Ք.ա. 189-160թթ.) հիմնած արքայատոհմը, որի անունով էլ այն կոչվում էԱրտաշեսյան: Արքայատոհմն իր հզորության գագաթնակետին հասավ Տիգրան 2-րդի (Տիգրան Մեծ) օրոք (Ք.ա. 95-55թթ.), որի իշխանությունը տարածվեց նաև Ատրպատականի, Մարաստանի, Հյուսիսային Միջագետքի, Սելևկյան տերության, Փյունիկիայի, Պաղեստինի և Կիլիկիայի վրա (Ք.ա. 66թ. Պոմպեոսի արշավանքի հետևանքով այդ նվաճումները զիջվեցին Հռոմին):
Նույն դարերում` Հայաստանի տնտեսական և քաղաքական բարգավաճմանը զուգահեռ, զարթոնք է ապրում նաև հայկական մշակույթը, մանավանդ թատրոնը: Զարգանում էր նաև հայալեզու ժողովրդական թատրոնը: Մեզ են հասել Հայաստանի պատմությունը, հայ թագավորների կյանքը ներկայացնող բազմաթիվ ավանդություններ ու լեգենդներ , ժողովրդական վեպեր, քնարերգության նմուշներ: Դրանք արժեքավոր տեղեկություներ են տալիս հայ ժողովրդի այդ շրջանի կենսակերպի, ծեսերի ու հավատալիքների մասին:
Հելլենական ժամանակաշրջանում հայ ճարտարապետությունը թևակոխում է զարգացման նոր փուլ: Դրա ակնառու ապացույցներն են Գառնիի հեթանոսական տաճարը, պալատի խճանկար բաղնիքը, հնագիտական պեղումների ընթացքում Արտաշատում և այլ քաղաքներում հայտնաբերված բազմապիսի շինությունների մնացորդները:
Տաճարների և պալատների զարդարանքները ևս Հին Հայաստանի քանդակագործության և կիրառական արվեստի բարձր մակարդակի վկայություններ են: Արժանահիշատակ են մետաղյա և թանկարժեք քարերով զարդերը: Կիրառական արվեստի բացառիկ նմուշներ են մետաղադրամները, թագավորների՝ մասնավորապես Տիգրան 2-րդի և Արտավազդ 2-րդի պատկերներով կնիքները, ինչպես նաև նախշադրվագ գավաթները, ապարանջանները, ոսկե ու արծաթե զարդերը:
ՄԵՐ ԹՎԱՐԿՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԵՏՈ
Արտաշեսյան արքայատոհմի անկումից հետո Մեծ Հայքը պահպանում է թագավորության կարգավիճակը, որի գահին Հռոմը և Պարթևստանը ձգտում են հաստատել իրենց դրածոներին: Ժամանակավոր անկայունությունն ավարտվում է, երբ Մեծ Հայքի գահն անցնում է հայ Արշակունիներիարքայատոհմին (66-428թթ.):
387թ. Հայաստանը բաժանվում է Հռոմի և Պարսկաստանի միջև. երկու տարի անց հռոմեական մասում՝ Արևմտյան Հայաստանում, վերանում է թագավորությունը, իսկ Արևելյան Հայաստանում Արշակունիները թագավորում են մինչև 428 թվականը:
Կրոնը
Մինչքրիստոնեական Հայաստանում դավանում էին հեթանոսություն: Դիցերի Գերագույն եռյակը կազմում էին ամենաստեղծ հայր աստվածԱրամազդը, դիցուհի Անահիտը (մայրության և պտղաբերության աստվածուհի) և քաջության, ուժի ու ռազմի աստված Վահագնը: Պաշտվում էին երկնային լույսի և սիրո աստվածուհի Աստղիկը, որին նվիրված էր ամենաժողովրդական տոնը՝ Վարդավառը, ողջախոհության, ընտանեկան օջախի պահապան Նանեն, արեգակի, կրակի ու դարբնության աստված Միհրը, դպրության աստված Տիրը, հյուրընկալության աստված Վանատուրը և այլ աստվածներ:
Քրիստոնեությունը Հայաստանում սկսել է տարածվել հենց 1-ին դարից՝ Թադեոս և Բարդուղիմեոս առաքյալների քարոզչության շնորհիվ: 301 թվականին, առաջինն աշխարհում, Հայաստանը քրիստոնեությունն ընդունել է որպես պետական կրոն:
Մշակույթն ու գիտությունը
Հայ մշակույթի ամենամեծ նվաճումներից մեկը գրերի գյուտն է (405 թվական), որով  իր և ողջ հայության համար փառքի ուղի կերտեց ազգի երևելի այրերից մեկը՝ լուսավորիչ Մեսրոպ Մաշտոցը: Մշակութային հզոր ձեռքբերում լինելուց զատ (հայերենի յուրաքանչյուր հնչյունին համապատասխանում է մեկ գրանիշ)` այս գյուտը համահունչ էր նաև ժամանակի հասարակական ու քաղաքական պահանջներին: Այբուբենի ստեղծումը նպաստեց հայ ժողովրդի և նրա մշակույթի պահպանմանը, Հայաստանում քրիստոնեության տարածմանն ու արմատավորմանը, հայերենով ինքնատիպ գրականության ստեղծմանը:
Մեզ հասած հայագիր աշխատությունների շարքում նշանավոր են հատկապես հայոց պատմահայր Մովսես Խորենացու, Փավստոս Բուզանդի, Ղազար Փարպեցու, Եղիշեի (5-րդ դար), Սեբեոսի (7-րդ դար), Ղևոնդի (8-րդ դար), Թովմա Արծրունու (10-րդ դար) և շատ այլ պատմիչների երկերը:
5-8-րդ դարերի հայ միջնադարյան գիտական գրականության կարևոր բաժիններից էր իմաստասիրությունը (փիլիսոփայություն): Մայրենի լեզվով ստեղծվում են իմաստասիրական նշանավոր աշխատություններ, թարգմանվում են հույն անվանի փիլիսոփաների (այդ թվում՝ Պլատոնի, Արիստոտելի) ստեղծագործություններից: Վաղմիջնադարյան հայերեն շատ թարգմանություններ արժեքավոր են անհետացած հունարեն բնագրերի իրողությամբ, քանզի հայտնի են միայն հայերենի շնորհիվ:
Հայ մտածողների, հատկապես Եզնիկ Կողբացու և Դավիթ Անհաղթի (5¬¬րդ դար) տեսություններն այսօր էլ հետաքրքրության կենտրոնում են. դրանք վերաբերում են տիեզերքի և շրջապատող բնության երևույթների քննությանը: Իսկ 7-րդ դարի հայ ականավոր գիտնական Անանիա Շիրակացին, որն զբաղվել է մաթեմատիկայով, տիեզերագիտությամբ, աշխարհագրությամբ, բնափիլիսոփայությամբ, տոմարագիտությամբ, խորությամբ ու հանգամանորեն, ինչպես Արիստոտելը և Պտղոմեոսը, բացատրել է երկրի գնդաձևության մասին իր տեսությունը, Արեգակի ու Լուսնի խավարումները և աստղագիտական այլ երևույթներ: Նրա ՙԱշխարհացոյց՚ աշխատությունը ներկայացնում է ոչ միայն Հայաստանի, այլև ամբողջ երկրագնդի աշխարհագրությունը՝ ժամանակի պատկերացմամբ:
Հիշյալ պատմաշրջանում աննախադեպ ծավալներով զարգացան շինարարական արվեստն ու ճարտարապետությունը: Կառուցվեցին պալատներ, տաճարներ, քարավանատներ, իջևաններ, դամբարաններ, որոնց մի մասը կանգուն է նաև մեր օրերում: Դրանցից են Էջմիածնի Մայր տաճարը(301-303թթ.), Երերույքի եկեղեցին (5-րդ դար), Էջմիածնի Սուրբ Հռիփսիմե տաճարը (7-րդ դար), Դվինի կաթողիկոսարանի պալատը (6-7-րդ դարեր), Ամբերդի ամրոցը (7-րդ դար) և այլն:
Միջնադարյան հայ ճարտարապետության գլուխգործոցը Զվարթնոց տաճարն է (7-րդ դար)՝ եռահարկ, քանդակակերպ, կառուցողական-տարածական ինքնօրինակությամբ աչքի ընկած եզակի մի շինություն, որի մասնակի վերականգնումը Լինսի հիմնադրամի ծրագրերից մեկն է:
Հայ միջնադարյան մշակույթի ինքնատիպ դրսևորումներից են որմնանկարչությունն ու մանրանկարչությունը՝ առաջինը եկեղեցիների ու կառույցների պատերը, երկրորդը՝ ձեռագիր մատյանները նկարազարդելու արվեստը: Երևանի՝ կրկնակը չունեցող հին ձեռագրերի ինստիտուտում՝Մատենադարանում, ինչպես նաև աշխարհի շատ թանգարաններում պահպանվում են հայ մանրանկարիչներ (ծաղկողներ) Մանասեի, Մարգարե Ծաղկողի, Թորոս Ռոսլինի, Սարգիս Պիծակի, Սիմեոնի և ուրիշների նկարազարդած բազմաթիվ ձեռագրերը (Աստվածաշունչ, եկեղեցական, հեղինակային գրականություն, թարգմանություններ և այլն): Աստվածաշունչն ու ձեռագրերը հաճախ ծաղկված էին նախշազարդ պատկերներով, որոնք արտացոլում էին հայրենի երկիրն իր կենդանական ու բուսական աշխարհով, ժողովրդի սովորույթները, ծեսերը և այլն:
Բուռն վերելքով աչքի է ընկնում հայ հոգևոր երաժշտական մշակույթը` ստեղծվում են մեծաթիվ բարձրարվեստ ստեղծագործություններ, որոնք գրի են առնվում խազերով՝ հայկական հին նոտաներով: Անկանգ ընթացքն է շարունակում նաև աշխարհիկ երաժշտության փթթումը:
Հայ Արշակունյաց թագավորության վերացումից (428թ.) հետո Հայաստանի արևելյան մասը Իրանական պետության կազմում կառավարում էին մարզպանները՝ պահպանելով երկրի ներքին ինքնավարությունը (428-630թթ.):
 Բագրտունյաց շրջան
Հայաստանի քաղաքական կարգավիճակի վրա էական ազդեցություն ունեցավ արաբների կողմից Իրանի և Բյուզանդիայի արևելյան նահանգների գրավումը: Այս շրջանում Հայաստանի մշակույթը սկսեց ծաղկել, սոցիալ-տնտեսական վիճակն ակնհատորեն բարելավվեց: Սկզբնավորվեց և մեծ թափ ստացավ ամրոցաշինությունը: Ընդունելով արաբների գերիշխանությունը՝ Հայաստանը համառ պայքարում ոչ միայն կարողացավ պահպանել սոցիալ-տնտեսական ու ազգային-մշակութային ինքնատիպությունը, այլև Բագրատունյաց տոհմի գլխավորությամբ վերականգնել պետական-քաղաքական անկախությունը:
Հայաստանի թագավորական գահին հաստատված Բագրատունյաց հարստությունը գոյատևեց ավելի քան մեկուկես դար (885-1045թ.):
Մշակույթն ու գիտությունը
Այդ ժամանակաշրջանի հայոց հասարակական, տնտեսական ու մշակութային զարգացման բարձր մակարդակի մասին են վկայում Անիի ուԱղթամարի ճարտարապետական հուշարձանները, Գրիգոր Նարեկացու (10-րդ դար) ՙՄատյան ողբերգության՚ պոեմը, հայ պատմագիտության բազում նվաճումներ (հեղինակությամբ Հովհաննես Դրասխանակերտցու, Ստեփանոս Տարոնցի Ասողիկի, Մատթեոս Ուռհայեցու, Արիստակես Լաստիվերցու և այլոց):
12-13-րդ դարերը բյուզանդական նվաճողական քաղաքականության և սելջուկյան արշավանքների դեմ մղած ծանր պայքարի կորստաբեր շրջան էին, սակայն Զաքարյան իշխանների գերակայության պայմաններում Հայաստանում վերսկսվեց տնտեսական ու քաղաքական վերելքը, որը նպաստավոր եղավ նաև մշակույթի համար: Այդ ժամանակաշրջանը հայոց մշակույթի պատմության մեջ հայտնի է ՙԱրծաթի դար՚ անունով՝ որպես ոսկեդարյան շրջանում (V դար) ստեղծված մշակութային արժեքների բնականոն շարունակություն (հայտնի անուններ են Մխիթար Գոշը, Կիրակոս Գանձակեցին, Վարդան Արևելցին):
11-րդ դարում Հայաստանի արևմտյան մասում հռչակված հայկական մի շարք նոր իշխանություններից Ռուբինյաններին հաջողվեց ամրապնդել իրենց տիրապետությունը և Կիլիկիայում վերականգնել հայոց պետականությունը (1080-1375 թթ.): Կիլիկյան Հայաստանը տնտեսական ու քաղաքական սերտ կապերի մեջ էր ինչպես արևելյան, այնպես էլ խաչակրաց ու Եվրոպական պետությունների հետ:
10-14-րդ դարերում, թեպետ տարանջատ, Հայաստանի պատմական տարածքում գոյություն ունեին մի քանի հայկական թագավորություններ(Վասպուրական/Վանի, Կարսի, Սյունիքի, Տաշիր-Ձորագետի/Լոռու) և իշխանություններ (Օրբելյաններ, Վահրամյաններ, Հասան-Ջալալյաններ):
Այս ժամանակաշրջանում մշակույթի զարգացման համար առկա էին նպաստավոր պայմաններ: Նոր փուլ էր սկսվում պատմագրության, փիլիսոփայության, աստղագիտության, աստվածաբանության, գրականության, իրավագիտության, մանրանկարչության, ճարտարապետության և այլ ոլորտներում:
Գործում էր կրթական երկաստիճան համակարգ: Տարրական դպրոցներում, որոնք հիմնականում կից էին եկեղեցիներին ու վանքերին, ուսուցումը տևում էր 3-4 տարի. դասավանդվում էին ընդհանուր գրագիտություն ապահովող առարկաներ: Հիմնվեցին բարձրագույն դպրոցներ, որոնցից առավել հայտնիներն էին Սանահինի ու Հաղպատի (10-11դդ.), Անիի (11-13դդ.), Գլաձորի (13-14-րդ դդ.), Տաթևի (14-15-րդ դդ.) համալսարանները: Այս կրթարաններն ուսուցանում էին բնական ու հասարակագիտական առարկաներ, օտար լեզուներ, ապահովում բազմակողմանի կրթություն:
10-րդ դարից սկսած՝ հայ գրականության մեջ հիմնավորվում է աշխարհիկ ուղղվածությունը: Նրա սկզբնավորողն ու հիմնադիրը եղավ Գրիգոր Նարեկացին, որի տաղերն ու հատկապես ՙՄատյան ողբերգության՚ պոեմը թարգմանվել են աշխարհի բազմաթիվ լեզուներով:
Դեռևս 8-րդ դարում նշանավոր գործիչ Հովհան Օձնեցին ի մի էր բերել հայոց եկեղեցու ստեղծած օրենքները և կազմել ՙԿանոնագիրք Հայոցը՚՝ հայկական ազգային-եկեղեցական օրենսդրության ժողովածուն:
12-րդ դարում հայ իրականության մեջ առաջինը Մխիթար Գոշը ստեղծում է պատմաիրավագիտական հազվագյուտ մի հուշարձան՝ ՙԴատաստանագիրքը՚« որը երկրի կյանքի բոլոր բնագավառները՝ պետական, քաղաքական, քրեական իրավունքի, գույքային« հողային, հասարակական-դասային հարաբերություններն ամփոփող օրենսգիրք է:
Աննախադեպ բարձունք են նվաճում բնական գիտությունները՝ մաթեմատիկան, քիմիան, աստղաբաշխությունը, աշխարհագրությունը:
Հիշատակության արժանի են հատկապես Մխիթար Հերացու (12-րդ դար) բժշկական աշխատությունները: Մեզ հասած ՙՋերմանց մխիթարություն՚ գրքում նա մատչելիորեն շարադրել է ջերմող հիվանդների ախտորոշման և բուժման գիտական եղանակները: Այս ոլորտում նշանակալի երևույթներ են նաև ՙբժշկապետ՚ պատվանունին արժանացած Ամիրդովլաթ Ամասիացու (15-րդ դար) աշխատությունները՝ մոտ 200 հիվանդության և դրանց բուժման միջոցների մանրամասն նկարագրությամբ:
Նշյալ ժամանակաշրջանը հարուստ է նաև ճարտարապետական գլուխգործոցներով՝ Աղթամարի, Անիի և այլ հուշարձաններ:
Հայ մանրանկարչության վերընթացը զուգորդվում է որմնանկարչության կատարելագործմանը. արվեստի մի ճյուղ, որի ստեղծագործություններն արարվում են շենքերի, հատկապես եկեղեցիների պատերին: Հայ վարպետներն աշխատանքի ընթացքում օգտագործել են այնպիսի հազվագյուտ ներկեր, որոնք դարերի ընթացքում չեն դժգունել:
9-14-րդ դարերում զարգացել է նաև հայ թատրոնը. հարգի են եղել հատկապես կատակերգական ներկայացումները:
Առաջընթացն ակնառու էր կիրառական արվեստում. մանավանդ մեծ հաջողություններ են արձանագրվել փայտի փորագրության ոլորտում: Փայտի վրա փորագրված ճարտարապետական գլուխգործոցներից ուշադրության են արժանի եկեղեցիների դռները՝ զարդարված հիասքանչ քանդակներով: Ոսկյա և արծաթե առարկաները ևս շատ հայտնի էին, բայց առավել աչքի էր ընկնում հայկական գորգագործությունը:
Արվեստով էին պատրաստվում նույնիսկ եկեղեցական հագուստներն ու վարագույրերները. դրանց վրա պատկերվում էին սրբապատկերներ, աստվածաշնչյան դրվագներ:
Միջնադարի հայ մշակույթն առանձնահատուկ տեղ է զբաղեցնում համաշխարհային քաղաքակրթության մեջ, քանզի յուրօրինակ է և հետաքրքիր: Նաև կենսունակ է, որովհետև երբ 14-րդ դարից հետո քաղաքական անբարենպաստ իրադարձությունների հետևանքով հայերը կորցրին կենտրոնացված պետականությունը և մասամբ արտագաղթեցին այլ երկրներ, հայկական մշակույթը շարունակեց զարգանալ նաև աշխարհասփյուռ գաղթօջախներում:
Օսմանյան պետության և Սեֆյան Իրանի տիրապետության տակ
Երկար ժամանակ Հայաստանի տարածքում էին ընթանում Օսմանյան պետության և Սեֆյան Իրանի միջև ծայր առած արյունալի պատերազմները: Չնայած այդ դաժան պայքարի աղետալի հետևանքներին, կրած ծանր կորուստներին՝ Հայաստանը 16-18-րդ դարերում մեծ ջանքերի գնով պահպանել է իր ազգային դիմագիծը, պետականության վերականգնման հավատը, մշակութային արժեքների մեծ մասը և հաղորդակցվել համաշխարհային քաղաքակրթության խոշոր նվաճումներին:
Այս ժամանակաշրջանում Հայաստանի ազգային առաջընթացն ապահովելու գործին մասնակցել են նաև հայկական գաղթօջախները: Այսպես` 1512թ. Վենետիկում լույս են տեսել հայերեն առաջին տպագիր գրքերը՝ ՙՈւրբաթագիրքը՚« ՙՊարզատումարը՚ և այլն: Հիմնվել են նորանոր դպրոցներ« կառուցվել եկեղեցիներ ու վանքեր: Միաժամանակ անվանի գործիչները Հայրենիքի ազատագրության նպատակով դիվանագիտական բանակցություններ են վարել այլևայլ պետությունների հետ, փորձել զինված պայքարով վերականգնել ազգային անկախությունն ու պետականությունը:
1722-1730թթ. Արցախում (Ղարաբաղ) և Սյունիքում ծավալված ազատագրական շարժումները մեծապես նպաստել են հայոց քաղաքական ու ազգային ինքնագիտակցության ամրապնդմանը: 1736թ. Արցախում կազմավորվել է հայկական հինգ մելիքությունների միությունը (Խամսա), որը Իրանի շահ Նադիրը ճանաչել է որպես ներքին ինքնավարությամբ օժտված վարչաքաղաքական իշխանություն՝ Մելիք Եգանի իշխանապետությամբ:
1772-1773թթ. հրատարակված քաղաքական-հրապարակախոսական գրքերով (ՙՀորդորակ՚« ՙՈրոգայթ փառաց՚) նախաձեռնվել է ազգային առողջ ուժերի համախմբման գործընթացը և կազմվել Հայաստանում ստեղծվելիք ժողովրդավարական պետության սահմանադրությունը:
1794-1796թթ. հրատարակվել է հայ առաջին պարբերականը՝ ՙԱզդարարը՚:
Ազգային մշակույթի զարգացմանը զգալի ազդակ հաղորդեցին 1512-1800թթ. Ամստերդամում, Հռոմում, Կոստանդնուպոլսում, Լվովում Նոր Ջուղայում, Մադրասում, Էջմիածնում և այլուր տպագրված շուրջ 1000 անուն գրքերը:
Երաժշտության բնագավառում նշանակալի էր Համբարձում Լիմոնջյանի ներդրումը. նա ստեղծեց հայկական նոր նոտաները, որոնց շնորհիվ գրի առնվեցին միջնադարյան եկեղեցական երգերը: Այս փուլում շատ տարածված էր գործիքային երաժշտությունը: Անդրկովկասի ժողովուրդների երաժշտական կյանքում անջնջելի հետք է թողել հայ մեծատաղանդ երգահան և բանաստեղծ Սայաթ-Նովայի ստեղծագործությունը: Նրա երգերն ու չափածո քերթվածներն այսօր էլ ազգային մշակույթի անկորնչելի արժեքներից են:
Պատմաբանասիրության և հասարակագիտության բնագավառներում արդյունավետ գործունեություն է ծավալել 1717թ. Վենետիկի Սուրբ Ղազարկղզում հանգրվանած Մխիթարյան միաբանությունը: 1780-ական թվականներին տպագրվել է հայ նոր պատմագրության հիմնադիր Միքայել Չամչյանցի եռահատոր ՙՀայոց պատմությունը՚: 1836-1837թթ. Վենետիկում լույս է տեսել ՙՀայկազյան լեզվի նոր բառգիրքը՚, որը 50 տարվա համատեղ աշխատանքի արգասիք էր:
Ռուսական կայսրության տիրապետության շրջան
1801-1828թթ. ամբողջ Անդրկովկասը, այդ թվում` Արևելյան Հայաստանը, անցնում է Ռուսական կայսրության գերիշխանության տակ, որը կարևոր նշանակություն ունեցավ երկրամասի սոցիալ-տնտեսական ու մշակութային զարգացման առումով:
19-րդ դարի առաջին կեսը նշանավորվում է Դորպատի (Էստոնիա) համալսարանում հիմնարար կրթություն ստացած Խաչատուր Աբովյանի՝ հայ մեծ լուսավորչի ծավալած ազգաշահ գործունեությամբ: Իր ՙՎերք Հայաստանի՚ վեպով ու այլ երկերով, ինչպես նաև հասարակական ինքնանվիրումով նա դառնում է հայ նոր գրականության հիմնադիրը:
1878թ. Բեռլինի վեհաժողովում, երբ Օսմանյան կայսրության տիրապետության տակ գտնվող արևմտահայության ազատագրության հարցը(Հայկական հարց ձևակերպմամբ)՝ որպես հայկական նահանգներում բարեփոխումների ծրագիր, դարձավ միջազգային դիվանագիտության նյութ, ազատագրական պայքարը թուրքական բռնատիրության դեմ թևակոխեց նոր փուլ:
Հայկակն հարցը և Հայոց ցեղասպանությունը
1885-1890 թվականներին ձևավորվեցին հայ ազգային կուսակցությունները՝ Արմենականները, Հնչակյանները և Հայ հեղափոխական դաշնակցությունը, որոնք իրենց ողջ գործունեությունը նպատակաուղղեցին Հայկական հարցի լուծմանը: Օսմանյան սուլթան Համիդ 2-րդըչիրագործեց եվրոպական տերություններին խոստացած հայկական բարեփոխումները, ավելին՝ 1894-1896թթ. կազմակերպեց հայ բնակչության զանգվածային կոտորածներ, որոնք դարձան 1915 թվականի ջարդերի նախադեպը:
Օգտագործելով Առաջին համաշխարհային պատերազմի պատրվակը՝ Օսմանյան Թուրքիայի ազգայնական ղեկավարությունը վճռեց ոչնչացնել հայ ժողովրդին, հայաթափ անել նրա բնօրրանը: Հայրենի օջախներում, տեղահանման և աքսորի ճանապարհին բնաջնջվեցին մեկ և կես միլիոնից ավելի հայեր, հարյուր հազարավոր գաղթականներ ապաստան գտան աշխարհի տասնյակ երկրներում: Ձևավորվեց հայ Սփյուռքը:
Աշխարհի առաջադեմ մարդկությունը շարունակում է դատապարտել Հայոց ցեղասպանությունը: Եվրախորհրդարանը (1987թ.), բազմաթիվ երկրների խորհրդարաններ (Արգենտինա, Ուրուգվայ, Բելգիա, Հունաստան, Լիբանան, Բուլղարիա, Ռուսաստանի Դաշնություն, Վատիկան, Կիպրոս, Շվեդիա, Ֆրանսիա, Իտալիա, Շվեյցարիա, Կանադա, Նիդեռլանդներ, Սլովակիա և այլն) ճանաչել ու դատապարտել են այդ ոճիրը՝ այն գնահատելով որպես մարդկության դեմ ուղղված հանցագործություն:
Պատմական Հայաստանի տարածքի մեծ մասը զբաղեցրած Թուրքիայում հայաթափումն ուղեկցվեց հայ մշակույթի հուշարձանների ոչնչացմամբ.ավերվեցին շուրջ 2350 եկեղեցի և մոտ 1500 դպրոց ու վարժարան (ընդհանուր առմամբ ավերվեցին հայկական 66 քաղաք, ավելի քան 2500 գյուղ):
Սփյուռքը
Ողբերգության հետևանքով հարազատ բնօրրանից բռնի տեղահանված ու աշխարհով մեկ սփռված հայերը և նրանց սերունդները բազմաթիվ երկրներում հիմնեցին գաղթօջախներ՝ հայկական Սփյուռքը: Սփյուռքահայությունը շարունակեց արևմտահայ գրականության և արվեստի ավանդույթները, կորուսյալ հայրենիքի կարոտով ու ցավով, նաև վերադարձի հույսով ստեղծվեցին ազգային և համազգային արժեքներ: Այսպես՝ գրականության ասպարեզում հանդես եկան հայագիր (Շահան Շահնուր, Մնձուրի, Անդրանիկ Ծառուկյան) և օտարագիր (Վիլյամ Սարոյան, Վահե Քաչա, Արթուր Ադամով, Մայքլ Առլեն, Պիտեր Բալաքյան) գրողներ, նկարիչներ (Արշիլ Գորկի, Գառզու, Ժանսեմ), կոմպոզիտորներ, երաժիշտներ, երգիչներ (Ալան Հովհաննես, Համբարձում Բերբերյան, Բարսև Կանաչյան, Տիրան Կառվարենց, Լուսին Ամարա, Շառլ Ազնավուր), կինոգործիչներ (Ռուբեն Մամուլյան, Անրի Վեռնոյ, Ատոմ Էգոյան) և այլ ասպարեզների մեծություններ:
Անկախության շրջան
1918թ. մայիսի 28-ին հայ ժողովուրդը վերականգնեց իր պետականությունը, սակայն 1920թ. դեկտեմբերին բոլշևիկյան Ռուսաստանի Կարմիր բանակը նվաճեց Հայաստանի Հանրապետությունը: Հայաստանից անջատվեցին Կարսի մարզը, Սուրմալուի գավառը (բռնակցվեցին Թուրքիային), Լեռնային Ղարաբաղը, Նախիջևանը (բռնակցվեցին Ադրբեջանին): Մնացած փոքր տարածքների վրա ստեղծվեց Խորհրդային Հայաստանը:
Խորհրդային շրջան
Խորհրդայնացումը, քաղաքական-գաղափարական փոփոխությունները զգալապես ներազդեցին 1920-1930-ականների մշակույթի վրա: Դարաշրջանի սկզբին ծառացած գաղափարական ու հոգևոր խոչընդոտները տարիների ընթացքում հաղթահարվեցին, և մշակութային կյանքը մտավ բնականոն հունի մեջ: Ստեղծվեցին մշակութային բազմաթիվ օջախներ, բարձրագույն ուսումնական հաստատություններ:
Մարտիրոս Սարյանը, Սեդրակ Առաքելյանը, Հակոբ Կոջոյանը, Երվանդ Քոչարը և քանքարավոր շատ այլ արվեստագետներ իրենց գունեղ ներկապնակով ձևավորեցին հայ կերպարվեստի նոր դպրոցը:
Դրամատիկական, օպերայի ու բալետի պետական նորաստեղծ թատրոնները, նվագախմբերը, համույթներն ու մենակատարները աննախադեպ աշխուժություն արթնացրին մշակութային կյանքում: Հայաստան ապրելու և ստեղծագործելու եկան աշխարհով մեկ սփռված հայազգի հայտնի դերասաններ, երգահաններ, խմբավարներ, երգիչներ: Ազգային ավանդական երաժշտության հիման վրա գրվեցին ժամանակակից տարաբնույթ ստեղծագործություններ: Երևանում և Հայաստանի այլ քաղաքներում բացվեցին պետական թատրոններ, որոնց խաղացանկերում որոշիչ տեղ ունեին ռուսական, արևմտաեվրոպական և, իհարկե, հայ դասական ու ժամանակակից հեղինակների գործերը:
Ժամանակաշրջանն աչքի էր ընկնում բնակելի շենքերի ու հասարակական յուրակերպ շինությունների կառուցմամբ ( Երևանի Հանրապետության հրապարակը , Օպերայի և բալետի թատրոնը, Ազգային գրադարանը, բարձրագույն ուսումնական մի շարք հաստատություններ):
Ֆաշիստական Գերմանիայի սանձազերծած Երկրորդ աշխարհամարտի հաղթական ավարտում իր ներդրումն ունեցավ նաև Հայաստանը: 300 հազարից ավելի հայեր իրենց կյանքը զոհեցին այդ պայքարում: 107 հայորդիներ արժանացան ԽՍՀՄ հերոսի կոչման, 4-ը դարձան մարշալ, մեկը` ծովակալ, մոտ 70-ը՝ գեներալ:
Համաշխարհային պատերազմի ավարտից հետո սկսվեց սփյուռքահայության հայրենադարձությունը, որի շնորհիվ Խորհրդային Հայաստանի բնակչությունն ավելացավ: Նույնիսկ ստալինյան բռնատիրության պայմաններում Հայաստանում տնտեսական ու մշակութային զգալի վերելք արձանագրվեց:
1924թ. էկրանավորված ՙԽորհրդային Հայաստան՚ վավերագրական ֆիլմով, իսկ 1925թ.՝ Համո Բեկնազարյանի նկարահանած գեղարվեստական խաղարկային ֆիլմով հինմադրվեց հայ կինոարվեստը:
1943թ. ստեղծվեց Հայաստանի գիտությունների ակադեմիան, որը մեծապես նպաստեց գիտության ավանդական և ժամանակակից ճյուղերի զարգացմանը:
Չանտեսվեցին նաև հնագիտական պեղումները: Հատկապես Վանի թագավորության տարածքում (Արմավիր, Կարմիր բլուր, Էրեբունի, Գառնի) հայտնաբերվեցին Հայաստանի հելլենական շրջանի բազմաթիվ արժեքավոր հուշարձաններ:
1950-ականների վերջերին ՙփակ դարակներից՚ հանվեցին այն գրողների ստեղծագործությունները, ում անունները ստալինյան քաղաքականությունն արգելել էր: Ազգային-ազատագրական թեմայով ևս բազմաթիվ գործեր լույս տեսան:
Հայ կոմպոզիտորներ Արամ Խաչատրյանը, Առնո Բաբաջանյանը, երգիչներ Գոհար Գասպարյանը, Լուսինե Զաքարյանը, ջութակահարներՌուբեն Ահարոնյանը, Ժան Տեր-Մերկերյանն իրենց ստեղծագործություններով և կատարման վարպետության շնորհիվ դարձան միջազգային մրցույթների դափնեկիրներ՝ արժանանալով ճանաչման:
Հայ թատրոնն իր համբավի գագաթնակետին հասավ 1960-ական թվականներին: Տաղանդաշատ դերասաններ Վահրամ Փափազյանը, Հրաչյա Ներսիսյանը, Ավետ Ավետիսյանը և ուրիշներ հռչակվեցին ոչ միայն Հայաստանում, այլև նրա սահմաններից շատ հեռու:
Համաշխարհային կինոյի չափանիշներով հիշատակելի արժեքներ են Սերգեյ Փարաջանովի արվեստը, Արտավազդ Փելեշյանիկինովավերագրությունը: Ս.Փարաջանովի կինոն առանձնանում է մտքի խորությամբ, գեղանկարչական հնարքների անսովոր կիրառմամբ, բարձր ճաշակով, վառ պատկերայնությամբ: Ա.Փելեշյանի ժապավենների անշփոթելի պատկերային-հնչյունային համակարգը, ինքնատիպ կինոլեզուն, մոնտաժի բարձր վարպետությունը հանգեցրին, այսպես կոչված, ՙդիստանցիոն մոնտաժի՚ գաղափարին, որը հեղինակի աշխատասիրության շնորհիվ նոր խոսք դարձավ համաշխարհային կինոյի մոնտաժային տեսության մեջ:
Հայ ճարտարապետության բուռն վերընթացի ակնբախ հաստատումն է Երևանի ՙՀրազդան՚ մարզադաշտի« ՙԶվարթնոց՚ օդանավակայանի« Մարզահամերգային համալիրի և Կամերային երաժշտության տան ստեղծումը:
1988թ. դեկտեմբերի 7-ի կործանարար երկրաշարժը ծանր հարված հասցրեց Հայաստանին. զոհվեցին հազարավոր մարդիկ, փլատակվեցին ու ոչնչացան նյութական բազում արժեքներ: Համաշխարհային հանրությունը սրտաբուխ սատարումով ձեռք մեկնեց աղետյալ երկրի բնակչությանը, ինչի շնորհիվ թեթևացավ ցավը ամրացավ հոգսը հաղթահարելու ոգին:
Աղետից առաջ՝ 1988թ. փետրվարին, սկսվեց Արցախյան շարժումը: Համաժողովրդական վերազարթոնքն անկասելի ուժ հաղորդեց վարչահրամայական համակարգից երկիրն ազատագրելու և ժողովրդավարացման ուղով առաջանալու մղմանը: Այդ պայքարի շնորհիվ Լեռնային Ղարաբաղը հաղթեց իրեն պարտադրված պատերազմում և թոթափեց ադրբեջանական ապօրինի տիրապետությունը:
Վերանկախացման շրջան
1991թ. սեպտեմբերի 21-ին Հայաստանում անցկացվեց անկախության հանրաքվե, որով վավերացվեց Հայաստանի անկախ Հանրապետության գոյությունը:
1992թ. մարտի 2-ին Հայաստանի Հանրապետությունը դարձավ Միավորված ազգերի կազմակերպության անդամ: 2001 թվականին մեր երկիրն անդամակցեց Եվրախորհրդին: Ավելի ուշ ընդգրկվեց Արժույթի միջազգային հիմնադրամի, Համաշխարհային բանկի, Առևտրի միջազգային կազմակերպության և այլ կառույցների կազմում ու, չնայած սոցիալ-տնտեսական որոշ դժվարություններին, հաստատուն դարձրեց ժողովրդավարացման ընթացքը:
1990-ական թվականներին՝ Անկախության հռչակումից հետո, ազատական տնտեսության շունչը թևածեց նաև մշակույթի ոլորտում. սկսեց ձևավորվել մասնավոր հատվածը, որի առաջին ՙծիծեռնակները՚ դարձան թատրոն-ստուդիաները, նրանց հետևեցին պատկերասրահները, գրադարաններն ու թանգարանները, թերթերն ու հանդեսները, հեռուստատեսությունը:
Հայաստանի մշակութային ոլորտը կարգավորող պետական կառույցները, գործիչներն ու կազմակերպություններն այժմ փորձում են համաշխարհային մշակութային գործընթացներին համահունչ քայլեր կատարել՝ պահպանելով դարերից ավանդաված արժեքավորը` արարելով նորը՝ արդիաշունչը:

Մուտքի ձև
Որոնել
Օրացույց
«  Մայիս 2024  »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇաբԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031
Գրառումների պահոց
Կայքի գործընկերները

Copyright MyCorp © 2024 | Անվճար հոսթինգ uCoz